Նիկոլի Սասունը դժգոհ է ՀԱՊԿ-ից ու նախկիններից...

Երկար ամիսների դադարից հետո, այսօր խոսել է Սասուն Միքայելյանը կամ որ ավելի ճիշտ է Նիկոլի Սասունը։ ԵԿՄ ղեկավարը, որ պատերազմի օրերին անգամ մեկ ժամ չհասցրեց ռազմական գործողություններին անմիջական մասնակցել, քանի որ անհայտ պայմաններում վիրավորվել էր, պարզվում է դժգոհ է ՀԱՊԿ-ից։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում դժգոհել է, որ ՀԱՊԿ-ը չի գալիս Հայաստանի սահմանները պաշտպանելու․«Մենք ՀԱՊԿ անդամ ենք ու կարող եմ ասել, որ ՀԱՊԿ-ն մեզ հետ կապված գրեթե ոչինչ չարեց։ Հավաքական այդ երկրները պիտի արձագանքեին, եթե որևէ ոտնձգություն լիներ որևէ երկրի նկատմամբ։ Փաստացի Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ոտնձգություն է եղել, ՀԱՊԿ-ից ոչ մի նորմալ արձագանք չի եղել»։

Հետո Նիկոլի Ասասունը հիշել է ընդդիմությանը և բանակի «թալանը»․«Հակառակորդը այսօր գերազանցում է մեզ զինտեխնիկայով, բայց մենք գիտենք, որ նախորդ իշխանությունները ինչպիսի թալան արեցին։ Այսօր էլ էդ սատանեքը սրբի շորով գնում են հրապարակ, ասում՝ ուզում ենք փրկել մեր երկիրը։ Եթե փրկող էիք, 20 տարի դուք էիք, փրկեիք»,-ասել է նա։

Փաստորեն ըստ Նիկոլի Սասունի բոլոր մեղավոր են մեր այս վիճակի համար, բացի իր ներկայացրած թիմից և իրենց պատրոն Նիկոլ Փաշինյանից։ Հետաքրքիր կլիներ լսել Նիկոլի Սասունին, թե նախկինները ի՞նչ են թալանել, որ պատերազմից երկու տարի հետո իրենց ձևավորած առաջնագծում անգամ պրիմիտիվ խրամատ գոյություն չունի։ Գուցե՞ նախկինները պահ ու քլունգ էլ են թալանել ու Նիկոլի Սասունը ոչինչ չի կարող անել։