Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, կնոջ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով ժամանեց Մոլդովա:
Նիկոլ Փաշինյանը Մոլդովայում հունիսի 1-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Վարչապետը նախորդ տարի ևս մասնակցել էր Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովին: Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ:
Այցի ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա նաև Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի, Լատվիայի վարչապետ Կրիշտյանիս Կարինշի, Անդորրայի կառավարության ղեկավար Խավիեր Էսպոտ Զամորայի հետ։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։