Մեր գերխնդիրը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է. եթե մեզ դա չի հաջողվում Փաշինյանը հեռացնում է 3 միլիոն հայ ժողովրդին Հայաստանից։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Հիմա դուք կողմնորոշվեք, ավելի լավ չի՞, որ մենք իրեն հեռացնենք բոլորս միասին»,–ասաց նա։
Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ 300 հազար ձայն են իրենցից գողացել։
Հարցին՝ հիմա ի՞նչ ոլորտներում է Հայաստանում ներդրում անելու, նա պատասխանեց. «Շուտով ձեզ կհրավիրենք, երկու շատ կարևոր ոլորտում, Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք, դուք էլ կտեսնեք։ Սա մեր երկիրն է, Փաշինյանը ընդամենը տուրիստ է, ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի»։
Դիտարկմանը, որ ինքն ավելի քիչ է Հայաստանում ապրել, քան Փաշինյանը, Կարապետյանն արձագանքեց. «Դե հիմա, հիմա կտեսնենք, կարևորը ապագայում ով կապրի»։
Անդրադառնալով նրան, որ Փաշինյանը ցանկանում է Գագիկ Ծառուկյանի «Արարատ ցեմենտը» վերցնել, Սամվել Կարապետյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը ոչ մեկից ոչ մի բան չի կարողանալու խլի։ Ժամանակավոր ոգևորություն է։ ՀԷՑ–ը վերցրե՞լ է, Գնացեք նայեք ՀԷՑ–ի վիճակը, տեսեք՝ ինչ է կատարվում։ Բա պատկերացնո՞ւմ եք մեզ ինչ էին թողել, բա իրենք գիտեին, թե մի հատ Mercedes է կանգնած, նստելու են ու քշեն։ Մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում, հիմա գնացեք նայեք»։



