Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այդ երկրի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

 

«Ձերդ գերազանցություն,

 

Ջերմորեն շնորհավորում եմ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:

 

Հնդկաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող հազարամյա քաղաքակրթություն, ներկայումս մեծ դեր ունի գլոբալ մարտահրավերներին արձագանքելու օրակարգի ձևավորման գործում: Այս իմաստով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի հաջող նախագահությունն ակնառու օրինակ է, ինչը մեզ հույս է ներշնչում, որ Մեծ քսանյակում Հնդկաստանի նախագահությունը նույնպես կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը:

 

Ուրախությամբ պետք է արձանագրել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերություններն ընդլայնվում և խորանում են, ինչպես նաև նախանշվում են համագործակցության զարգացմանը նպաստող նոր շրջանակներ և ուղղություններ, որոնք բարձրացնում են մեր գործակցությունն իրապես նոր որակական մակարդակի:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: