Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ:
Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:
Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:
Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանն այսօր կիսում է իրենց վիշտը:
Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ժամանել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։