Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ...

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Կատարի էմիրը բարձր է գնահատել Հայաստանի և Կատարի միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններն ու փոխվստահությունը` ընդգծելով, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում:

Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:

Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: