Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի
պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ
Սանասարյանի հետ:
Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Սանասարյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Այսօրվա մեր
հանդիպումը նախաձեռնել եմ լսելու համար Ձեր տեսակետները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի
վերաբերյալ: Դուք նորաստեղծ քաղաքական ուժ եք, նորաստեղծ քաղաքական կուսակցություն եք, կուզեի նաև լսել Ձեր
տեսակետները, թե ինչ քայլեր պիտի Ձեր գնահատմամբ կատարվեն, որպեսզի կառավարությունը և
արտախորհրդարանական ընդդիմությունը փոխարդաձաբար ավելի լսելի և հասանելի լինեն: Իհարկե,
արտախորհրդարանական ընդդիմություն հասկացությունը բավականին լայն հասկացություն է, և այդտեղ կան ուժեր,
որոնց գաղափարները, մոտեցումները հակադիր և հակադարձ են միմյանց: Սա էլ մի խնդիր է, բայց ես կարծում եմ, որ
հաշվի առնելով այն հանգրվանը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, մենք պետք է առնվազն փորձենք
գտնել մեթոդներ նույնիսկ հակադիր տեսակետների համադրման միջոցով ինչ-որ սիներգիա, ինչ որ էներգիա
ստանալու: Այնպես որ շնորհակալ կլինեի, եթե այս հարցերի վերաբերյալ Ձեր տեսակետներն արտահայտեիք:
Շնորհակալ եմ:
Դավիթ Սանասարյան – Շնորհակալություն պարոն Փաշինյան, ինչպես դուք նշեցիք «Ինքնիշխան
Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, և մի ամիս է բոլորել, ինչ պետական գրանցում է ստացել:
Կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր անցել են և՛ ապրիլյան, և՛ 44- օրյա պատերազմներով, հավաքված
են մարդիկ, ովքեր անցել են բոլոր պայքարների բովերով: Եվ մենք նաև մեզ համարում ենք 2018 թվականի
հեղափոխության կրողները ու նաև ամեն ինչ անելու ենք, որ հեղափոխության հարթակից այն ինչ որ խոսք ենք տվել
մենք և դուք, իրականություն դառնան: Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության
հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին
կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած իշխանությունները, ոչ միայն չեն գտնվում համապատասխան
քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը: Եվ հույս
ունենք, որ այս հանդիպումները նոր մշակույթ են ստեղծելու, և այն մոտեցումները, այն ծրագրերը, այն լուծումները,
որոնք մենք տեսնում ենք, անպայման ներկայացնելու ենք, որովհետև մեր համար խնդիրը այն չէ, թե որ քաղաքական
ուժը, որ քաղաքական ուժին ինչ սուր քննադատություն է տալիս: Մենք նաև ամբողջ քարոզարշավի ժամանակ
ժողովրդին խնդրել ենք, որ ծափ չտան ատելության քարոզ անողներին, ծափ չտան պառակտողներին և թշնամի ման
եկողներին միմյանց մեջ: Մենք ասել ենք, որ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ: Ինչպես
Դուք նշեցիք, ունենք խնդիրներ. կան ընդդիմադիր ուժեր, որոնց հետ որևիցե քայլ մենք չենք պատկերացնում, բայց
կան հարցեր, որոնք պետք է նստենք, միասին հասկանանք, որովհետև սա մեր պետությունն է, որևիցե մեկը մեր
փոխարեն մեր խնդիրները չի լուծելու: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս
վիճակից:
Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության
հեռանկարներին վերաբերող հարցեր: