
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
«Խորապես վշտացած եմ Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչական հարձակումից։ Սրտանց ցավակցում եմ զոհերի ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետը։
Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։
Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունը Պահալգամում, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։