Արշակ Կարապետյանը գոնե իմ պաշտոնավարման ընթացքում և գուցե նաև Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած ՊՆ ղեկավարն է: Նա եղել է ԳՇ պետի առաջին տեղակալը, և եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները: Հետո նա եղել է պաշտպանության նախարար, բայց եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները, և ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննարկումներին, թե «Փաշինյանը Կրեմլի ցուցումով պաշտոնի է նշանակել Արշակ Կարապետյանին»:
Փաշինյանն ամենևին չհերքեց, որ նրան պաշտոնի նշանակելիս անտեսված չի եղել նրա «հատուկ ու մոտ» հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ: Ըստ Փաշինյանի՝ պատճառն այն է, որ բարդ իրադրությունում հաճախ են իրենք իրենց հարց տալիս՝ գուցե ինչ-որ բան սխա՞լ են անում, կամ գուցե պետք է լրացուցիչ ժեստե՞ր անել, որպեսզի անվտանգային համակարգերը սկսեն գործել:
Այս համատեքստում Փաշինյանը նաև մանրամասնեց, թե ինչու է որոշում կայացրել Արշակ Կարապետյանին ազատել պաշտոնից:
«Ուզո՞ւմ եք՝ ասեմ, թե ինչն է եղել պատճառը: 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Արշակ Կարապետյանը, լինելով պաշտպանության նախարար (երկու տարբերակ կա), կա՛մ դրա մասին տեղյակ չի եղել, կա՛մ, տեղյակ լինելով, ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին նույնիսկ կես ժամ չեմ հանդուրժի այդ պաշտոնում: Սա է ամբողջ պատմությունը»,- ասաց նա: