Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի համ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր քաղաքական թիմի և կառավարության կարևոր հանձնառությունը, և մենք այդ ճանապարհով գնալու ենք:

Իհարկե, մեր ընտրական համակարգը կատարյալ չէ, աշխարհում չկա էլ կատարյալ ընտրական համակարգ, բայց կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափերով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նաև համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում: «Գուցե ընդհանրապես ընդհանրական ձևաչափի մասին մտածենք, որպեսզի կարողանանք կառավարության և տեղական ինքնակառավարման ինստիտուտի գործակցությունն ավելի համակարգված իրականացնել»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Սյունքի մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այդ առումով վարչապետը կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը: «Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում, ինչ սպասել, ինչ չսպասել: Գիտեք, ցավոք, տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ տեղեկատվություն է շրջանառվում: Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ընդհանրապես և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության մասին է:

Այնուհետև հանդիպմանը քննարկվել են կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությանը, Սյունիքի համայնքներում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը: Կարևորվել է կառավարության հնգամյա ծրագրի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսվող լայնածավալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչն էապես կնպաստի մարզի և համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին: