Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովին:

Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նրա տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետը ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն Կրեմլյով, հարգելի գործընկերներ, ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ, որ հանդիպում ենք Հայաստանի Հանրապետության համար շատ նշանակալի առիթով՝ մեր երկրում Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ: Անկեղծ ասած, մինչ առաջնության կազմակերպումն անգամ ես չգիտեի, որ Հայաստանում մինչ այդ չեն անցկացվել օլիմպիական մարզաձևերի ո՛չ Եվրոպայի, ո՛չ աշխարհի առաջնություններ, և դա բավական տխուր փաստ էր մեզ համար:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այս համատեքստում, որ մեր երկրին վստահեցիք այսպիսի պատասխանատու միջոցառման անցկացումը: Հուսով եմ՝ գոհ եք առաջնության անցկացման կազմակերպչական մակարդակից, և այս միջոցառման արդյունքներով մենք վստահ կլինենք, որ կարող ենք հյուրընկալել, կազմակերպել նաև աշխարհի առաջնությունը:

Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք ընդունել Ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնությունը, և ընդհանրապես որոշում ենք կայացրել, որ աշխատենք ամեն տարի մեր երկրում հյուրընկալել սպորտային նշանակալի միջոցառումներ: Այս հարցում ևս ակնկալում ենք Ձեր աջակցությունը: Երեկ ես այնտեղ էի. անկեղծ ասած, կարող է տարօրինակ թվալ, բայց առաջին անգամ էի ներկա գտնվում նման մակարդակով բռնցքամարտի մրցաշարին, քանի որ մինչ այդ նման առիթ չէր եղել, և բավական հետաքրքիր էր: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և կցանկանայի լսել Ձեր տեսակետը կազմակերպման մակարդակի և ընդհանրապես առաջնության կապակցությամբ»:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ խոսքերի համար և նշել. «Պարոն վարչապետ, երբ ի սկզբանե Հայաստանի կողմից հայտ էր ներկայացվել, իսկ ես գիտեմ, որ Հայաստանը բռնցքամարտի երկիր է, գիտեմ, որ այստեղ սիրում են բռնցքամարտ, բնականաբար, Եվրոպան աջակցեց դրան: Ինքս մինչև առաջնությունը եկա, ծանոթացա աշխատանքներին, իրապես շնորհակալ եմ Ձեզ և Ձեր ողջ թիմին՝ բացումը հրաշալի էիք կազմակերպել, բարձր մակարդակով: Եվրոպայի հաջորդ առաջնության մասով պետք է օրինակ վերցնել ձեզնից:

Մեզ համար ամենակարևորը մարզիկների և մարզիչների համար պայմաններն են: Այսօր ևս մեկ անգամ զրուցեցի նրանց հետ, բոլորը հիացած են այսպիսի ջերմ ընդունելությունից, ստեղծված պայմաններից, և դա ամենագլխավորն է: Շուրջ 40 երկիր է ժամանել՝ մասնակցելու առաջնությանը, և բոլորը հիացած են՝ և՛ բացումը, և՛ կացությունը, և՛ սնունդը, և՛ Երևանում շրջայցերը, ամեն ինչ լավ է կազմակերպված: Եվս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ և Ձեր թիմին, բոլորին, ԿԳՄՍ նախարարությանը, Հայաստանի ֆեդերացիային կատարված մեծ աշխատանքի համար: Դա իսկապես ցույց է տալիս, որ Հայաստանում կարելի է անցկացնել ոչ միայն Եվրոպայի առաջնություն, այլև կարելի է դիտարկել աշխարհի առաջնություն անցկացնելու հարցը, քանի որ կան բոլոր պայմանները: Դուք նշեցիք, որ սա առաջին անգամ է, բայց կարելի է ասել, որ սրանով բացեցիք դարպասները»:

Ումար Կրեմլյովը նշել է, որ այսօր կայանալու են Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց տոմսերն ամբողջությամբ սպառված են, և դա վկայում է Հայաստանում այս սպորտաձևի նկատմամբ մեծ հետաքրքրության ու նաև միջոցառման բարձր մակարդակով կազմակերպվածության մասին: Բռնցքամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահը ևս գոհունակությամբ է արտահայտվել առաջնության կապակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են սպորտի զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, նաև միջազգային մրցաշարերի անցկացման, մարզական ենթակառուցվածքների զարգացման և սպորտային ապրելակերպի խթանման հարցեր: Վարչապետը ներկայացրել է նշված ուղղություններով Կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը: IBA-ի նախագահն իր հերթին ներկայացրել է ասոցիացիայի ծրագրերը բռնցքամարտի մասսայականացման, մարզիկների պրոֆեսիոնալ աճի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, խրախուսման մեխանիզմների և ենթակառուցվածքային ապահովման ուղղությամբ և հավելել, որ IBA-ը հնարավորինս կաջակցի ՀՀ-ում սպորտի զարգացմանը:

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը հրավիրել է վարչապետ Փաշինյանին՝ դիտելու Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի այսօր կայանալիք մենամարտերը: