Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Էյր Արաբիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիին:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Էյր Արաբիա ընկերության միջև՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել և արդյունավետ գործում է Ֆլայ Արնա ավիաընկերությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող՝ Ֆլայ Արնա ավիաընկերության զարգացման հեռանկարները: Քաղաքացիական ավիացիայի հզորացման և զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում անդրադարձ է եղել ուղևորափոխադրումների ծավալի ավելացմանը, սպասարկման որակի շարունակական բարելավմանը, չվերթների աշխարհագրության ընդլայնմանը վերաբերող և այլ հարցերի: