Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական դիվերսիան ահաբեկ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  այսօր կառավարության նիստից առաջ անդրադարձել է մարտի 5-ին Արցախում ադրբեջանի իրականացրած դիվերսիային՝ այն որակելով ահաբեկչական ակտ։

Փաշինյանը, շեշտելով փաստը, որ դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանները ծնունդով Ղարաբաղից են, հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի իրենք ԼՂ հայության ներկայացուցիչների հետ պետք է քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը. «Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, որ այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրող մարդկանց հետ։ Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել»։