
Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական հավաքի ժամանակ իր ելույթում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընդգծեց՝ Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխվի, ողջ Հայաստանը կհայտնվի Արցախի վիճակում։
Ի դեպ, հանդիպմանը ներկա էին նաև բազաթիվ արցախցիներ, որոնց ողջունելով՝ Անդրանիկ Թևանյանը նշեց․ «Արցախցիների աջակցությունը շատ պարտավորեցնող ու խորհրդանշական է․ իրենք կենդանի վկան են այն բանի, որ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Նիկոլ Փաշինյանով հանդերձ, պետք է մերժվի, և պետք է մերժվի հենց Գյումրիից սկսած»։
Նա նաև շեշտեց, որ իր թիրախը «Քաղաքացիական պայմանագիրն» է և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանը։
«Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛ Գյումրի, արի՛ ներկայացիր գյումրեցիներին։ Հայաստանի թիվ մեկ թալանչին եկել էր Գյումրի ու թալանից էր խոսում։ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից, արցախցիներից, գյումրեցիներից, երևանցիներից թալանել է 9 քաղաք՝ մայրաքաղաք Ստեփանակերտով, 243 գյուղ՝ ներառյալ Հայաստանի գյուղերի հատվածները, 70 գործարան, ձեռնարկություն, ֆաբրիկա, մոտ 400 եկեղեցի և այդքան էլ հին գերեզմանատներ, 25 թանգարան, 100-ի հասնող հիդրոէլեկտրակայաններ, հանքեր, ջրամբարներ։ Ավելի քան 5000 հուշարձան, 240 դպրոց, 4 բարձրագույն կրթական հաստատություն, 7 քոլեջ կամ ուսումնարան, 12 հիվանդանոց, 5 մարզադաշտ, 11 մարզադպրոց, 240 քառակուսի կիլոմետրից ավելի Հայաստանի օկուպացված տարածք Սյունիքի մարզից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից ու Տավուշից։ Ու էս թալանչին խոսում է թալանի՞ց, ամո՛թ «Քաղաքացիական պայմանագրին», ամո՛թ Նիկոլ Փաշինյանին,-ասաց Թևանյանը,-Եթե այդ հարյուր միլիարդը միջին գնով բաժանենք, իր սիրած հինգ հարյուր հազար Range rover-ի գին է կազմում, դե հիմա հատիկ առ հատիկդ ցույց տուր, տեսնենք որտե՞ղ է, այ անամոթ, այ հայրենադավ, այ դավաճան»։
Նա հավելեց, որ ամենահամեստ հաշվարկներով՝ հարյուր միլիարդ դոլարի կորուստ ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, կորցրել ենք պատմական Արցախը։