Նիդեռլանդները ԵՄ-ին կոչ է արել մասամբ դադարեց...

Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ ԵՄ արտգործնախարարների խորհրդի արտահերթ հանդիպմանը Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել Իսրայելի հետ Եվրամիության ասոցացման համաձայնագրի առևտրային մասի գործողությունը՝ Գազայի հատվածում իրավիճակի պատճառով: 

Այս մասին X հարթակում գրել է թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։

Նրա խոսքով՝ այդ դիրքորոշման պատճառ է դարձել այն, որ Իսրայելը չի կատարել հուլիսի 7-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունները Գազայի հատված հումանիտար օգնության մուտքի մասին։  

Քաղաքական գործիչը նաև կրկին հաստատել է Նիդեռլանդների կոչը՝ անհապաղ հրադադար հաստատելու Գազայում՝ բոլոր իսրայելցի պատանդների վերադարձի, մարդասիրական օգնության արդյունավետ բաշխման համար՝ ընդգծելով, որ հակամարտության երկու կողմերն էլ պետք է քայլեր ձեռնարկեն հրադադարի հասնելու համար:

Վելդկամպը նաև կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ի նկատմամբ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ երկրի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել վարչապետի առաջարկած ծրագրին՝ Գազա քաղաքի ամբողջ տարածքը վերահսկողության տակ վերցնելու և պաղեստինյան անկլավում գործողությունն ընդլայնելու վերաբերյալ: Այս որոշումը մեծ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից։