Նիդեռլանդներն իսրայելցի երկու նախարարի «պերսո...

Նիդեռլանդները «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին և արգելել նրանց մուտքը երկիր։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարարին։

«Կաբինետը որոշում է ընդունել Իսրայելի նախարարներ Սմոտրիչին և Բեն-Գվիրին հայտարարել «պերսոնա նոն գրատա» և ակնկալում է նրանց անունները ներառել Շենգենյան գրանցման համակարգի անցանկալի օտարերկրացիների ցուցակում», - մեջբերում է պարբերականը Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդքամփի խոսքերը։

Վելդքամփը հավելել է, որ այս որոշումն ընդունվել է, քանի որ նշված անձինք «իսրայելցի նորաբնակներին բազմիցս բռնության են դրդել Պաղեստինի բնակչության նկատմամբ, հաստատակամորեն հանդես են եկել անօրինական բնակավայրերի ընդլայնման օգտին և էթնիկ զտման կոչ արել Գազայի հատվածում»։

Վելդքամփը նշել է, որ Նիդեռլանդներում Իսրայելի դեսպանը կկանչվի ԱԳՆ, նրան պահանջ կներկայացվի «վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությանը կոչ անել փոխելու իր դիրքորոշումը, քանի որ ստեղծված իրավիճակն անտանելի է և չունի արդարացում»։ 

Բեն-Գվիրն արձագանքել է նիդեռլանդական իշխանությունների որոշմանը՝ խոստանալով շարունակել իր պայքարը հանուն Իսրայելի։

Սմոտրիչն էլ X-ում գրել է, որ Նիդեռլանդները և եվրոպական երկրները չեն հասկանում, որ ամենակարևորն այն է, որ «յուրաքանչյուր հրեա կարողանա սերնդեսերունդ ապահով ապրել Իսրայելի Պետությունում»։

Իսրայելի և Նիդեռլանդների միջև լարվածությունը սրվել է հուլիսի 28-ին՝ այն բանից հետո, երբ Նիդեռլանդները Գազայում շարունակվող մարդասիրական ճգնաժամի պատճառով ԵՄ-ին կոչ արեց պատժիչ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։