Հայաստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է խստացնել մեքենաներից պահեստամասերի գողության համար նախատեսված պատիժները։ Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախարար Արփինե Սարգսյանը։
Պատասխանելով բնակարաններից գողությունների մասին հարցին՝ նախարարը նշեց, որ չնայած տեսախցիկների առկայությանը, հաճախ հանցագործին նույնականացնել չի հաջողվում, հետևաբար գործը չի կարող բացահայտվել։ Նույնը վերաբերում է բակերում կայանված մեքենաներից պահեստամասերի գողությանը։
«Քաղաքացիների դժգոհությունն օբյեկտիվ էր։ Շատերը նախընտրում էին նոր մասեր գնել, քան պահանջ ներկայացնել: Կա ավտոպահեստամասերի գողության համար պատիժների խստացման նախագիծ՝ որպես կանխարգելիչ միջոց»,- նշեց նախարարը։