Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից»,- ասաց Սարգսյանը:
Կատարողականի դրական արդյունքում դեպքում՝ ծառայողին կտրվի խրախուսում և առաջխաղացման հնարավորություն, բացասական արդյունքի դեպքում՝ ոստիկանության ծառայողի առաջխաղացումը կսահմանափակվի:
Ներքին գործերի նախարարը նշեց, որ կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից:



