
Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին:
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին:
ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, որ Արսեն Ոսկանյանը իր փորձառությունը կներդնի՝ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների և ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար:
Արսեն Ոսկանյանը նշել է, որ անձնակազմի հետ կանի առավելագույնը առաջադրված խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծման համար:
Խորեն Բարխոյանը շնորհակալություն է հայտնել և՛ ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմին, և՛ Լոռու մարզային վարչության անձնակազմին՝ վստահության և համատեղ արձանագրված հաջողությունների համար։
Խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը շեշտել է ոստիկանության ենթակա ծառայությունների միջև համագործակցության և փոխօգնության պարտադիր լինելը՝ ընդգծելով, որ ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա միասնական հակազդման։
Քննարկվել են օպերատիվ իրավիճակի վերահսկողության, ծառայողների պատշաճ գործելաոճի ապահովման ու ծառայության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։