ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ընդունել...

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 19-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարի Քուրթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ԱՄՆ գործընկերների շարունակական աջակցությունը՝ ընդգծել է, որ համատեղ ծրագրերը առանցքային նշանակություն ունեն ոլորտային բարեփոխումների գործընթացում։

Կողմերն անդրադարձել են կիբեռլաբորատորիայի ստեղծման փուլային գործընթացին, տեխնիկական և ենթակառուցվածքային պահանջներին։ Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել անցկացնել մասնագիտական վերապատրաստումներ՝ նպաստելու կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել կիբեռմարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև անօրինական միգրացիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցերին։

Քննարկվել են նաև անդրազգային հանցավորության միտումները և դրանց դեմ պայքարի համատեղ գործիքակազմի զարգացումը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ կարևորելով ժամանակակից անվտանգային մարտահրավերներին դիմակայելու և կարողությունները շարունակաբար զարգացնելու ուղղությամբ համատեղ ջանքերը։