Նեթանյահուն մտադիր է Իրանի հետ բանակցությունն...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է Իրանի հետ բանակցությունների իր տեսլականը ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Նեթանյահուն ասել է «Բեն Գուրիոն» օդանավակայանում՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ։

Նրա խոսքով՝ Իսրայելի դիրքորոշումն այս հարցում կարևոր է «բոլորի համար, ովքեր ցանկանում են խաղաղություն և անվտանգություն Մերձավոր Արևելքում»։

Նեթանյահուն նշել է, որ սա իր յոթերորդ այցն է ԱՄՆ 2022 թվականի վերջին վարչապետի պաշտոնին վերադառնալուց ի վեր՝ ընդգծելով, որ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները ներկայում գտնվում են բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակում. երկու երկրները «բացառիկ մտերիմ» են։

«Այս ուղևորության ընթացքում մենք կքննարկենք մի շարք հարցեր՝ Գազան, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, բայց, իհարկե, առաջին հերթին, Իրանի հետ բանակցությունները։ Ես նախագահ (Թրամփին) կներկայացնեմ այս բանակցությունների վարման սկզբունքների, կարևոր սկզբունքների վերաբերյալ մեր պատկերացումները։ Իմ կարծիքով, դրանք կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր խաղաղություն և անվտանգություն են ցանկանում Մերձավոր Արևելքում», - ասել է Իսրայելի վարչապետը։

Փետրվարի 6-ին Մասկատում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ճգնաժամի լուծման վերաբերյալ անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։