Նեթանյահուն հայտնել է Գազայում մշտական հրադադ...

Իսրայելը համաձայն է անկլավում 60-օրյա հրադադարի, բայց պնդում է Գազայի լիակատար ապառազմականացման և ​​պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման իշխանությունից հեռացման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ։ Իսրայելցիներին ուղղված ելույթի տեսագրությունը տարածվել է վարչապետի գրասենյակի կողմից։

«Մենք վճռականորեն ենք տրամադրված բոլորին վերադարձնելու հարցում.... Մենք այժմ փորձում ենք հասնել ողջ և զոհված պատանդների կեսի ազատ արձակմանը՝ 60-օրյա ժամանակավոր հրադադարի դիմաց։ Այդ հրադադարի սկզբում մենք կսկսենք բանակցություններ պատերազմի մշտական ​​դադարեցման, այսինքն՝ մշտական ​​հրադադարի վերաբերյալ։ Որպեսզի մենք հասնենք դրան, դա պետք է արվի մեր կողմից սահմանված նվազագույն պայմաններով. ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքերը, Գազան պետք ապառազմականացվի, ՀԱՄԱՍ-ն այլևս չպետք է ունենա որևէ կառավարական կամ ռազմական կարողություն։ Սրանք մեր հիմնարար պայմաններն են», - նշել է Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ եթե դա հնարավոր լինի իրականացնել բանակցությունների միջոցով՝ ավելի լավ։

«Եթե դա չհաջողվի բանակցությունների միջոցով 60 օր անց, մենք դրան կհասնենք այլ եղանակներով՝ կիրառելով մեր հերոսական բանակի հզորությունը», - ասել է նա։

«Մենք ստիպված ենք եղել դիմակայել ամերիկյան էմբարգոյին. «մի՛ մտեք Ռաֆահ», «մի՛ նվաճեք Ֆիլադելֆիայի միջանցքը»»,- նշել է Նեթանյահուն՝ հավելելով, որ  հաղթահարել են այդ դժվարությունները և այժմ շարունակում են առաջխաղացումը Գազայի հատվածում՝ վերադարձնելու պատանդներին։

Նա ասել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ՝ պատանդների ազատ արձակումը լավագույնս իրականացնելու համար, «բայց ամեն ինչ մեզնից կախված չէ»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Նույն օրը երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկու առաջնորդների միջև զրույցն, ըստ իսրայելցի պաշտոնյաների, տեղի է ունեցել «շատ դրական և բարեկամական մթնոլորտում»։

Թրամփ-Նեթանյահու երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 8-ին, որի ընթացքում քննարկվել են Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ հարցեր։