Գեղարքունիքի մարզպետարանում ներկայացվել է մարզում թունաքիմիկատներով թունավորումների վերաբերյալ 2019-2021 թվականների վիճակագրությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, հանդիպումը վարել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցներ, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Գեղարքունիք» մասնաճյուղի մասնագետներ, մարզի hամայնքապետարանների ներկայացուցիչներ , մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարներ։
ՀՎԿԱԿ «Գեղարքունիք» մասնաճյուղի կողմից ներկայացված վիճակագրությունը փաստում է, որ 2019-2021 թվականների ընթացքում թեեւ 3,5 անգամ նվազել են թունավորման դեպքերը, սակայն դեռեւս շարունակվում են դրանք գրանցվել հատկապես մեծահասակների շրջանում՝ պայմանավորված թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանմամբ ու մակնշմամբ, դրանց օգտագործման ձեւերի, չափաքանակների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման վերաբերյալ բնակչության իրազեկվածության ցածր մակարդակով:
Համաձայն ներկայացված զեկույցի՝ Գեղարքունիքի մարզում 2019 թվականին արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 7, 2020 թվականին՝ 3, իսկ 2021 թվականին՝ 2 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:
2019 թվականին թունաքիմիկատներով թունավորման դեպքերից 3-ը արձանագրվել է ինքնասպանության փորձ կատարելու, 1-ը՝ բնակչի անփութության եւ 3-ը՝ ծնողի անուշադրության հետևանքով՝ 1-4 տարեկան երեխաների շրջանում։
2020 թվականին արձանագրված թունաքիմիկատներով թունավորման 3 դեպքերից 2-ը եղել են բնակչի անփութության եւ 1-ը՝ ծնողի անուշադրության հետեւանքով։ 2021 թվականին արձանագրված թունավորման բոլոր դեպքերը տարեց բնակչության շրջանում են եւ հետևանք են աշխատանքի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների չօգտագործման։
«Բնակչության շրջանում թունաքիմիկատներով թունավորման դեպքերը կանխարգելելու նպատակով առաջարկվեց բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների ուժերով բնակչության շրջանում իրականացնել իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ թունաքիմիկատների օգտագործման կանոնները պահպանելու, թունաքիմիկատները ըստ ուղեկցող հրահանգի օգտագործելու, թունաքիմիկատների հետ աշխատանքի ընթացքում անհատական պաշտպանիչ միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ բնակչության զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:



