Նավթի գները կտրուկ նվազել են

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ մինչև 69,63 դոլար մեկ բարելի դիմաց։

Իսրայելի և Լիբանանի իշխանությունները համաձայնության են եկել զինադադարի պայմանների շուրջ, որը կարող է հաստատվել երեքշաբթի օրը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրներին։ Տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը։

Բացի այդ, շուկան արձագանքում է այն լուրերին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ընտրել է ներդրող և Key Square Group-ի հիմնադիր Սքոթ Բեսենթին՝ որպես ֆինանսների նախարարության ղեկավարի թեկնածու։ Բեսենթը ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացման կողմնակից է: