
ՆԱՏՕ անդամ երկրները քննարկում են իրենց «թույլ տեղերը» վերանայելու անհրաժեշտությունը՝ Կիեւի կողմից ռուսական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո, հաղորդել է The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով դաշինքի եվրոպական երկրներից մեկի պաշտպանության ոլորտի պաշտոնյային։ Բացի այդ, մի քանի փորձագետներ հունիսի 1-ին Ուկրաինայի գրոհի ֆոնին նշել են, որ անօդաչու թռչող սարքերը լուրջ սպառնալիք են ներկայացնում ռազմական բազաների համար, որոնք կարող են գրոհի ենթարկվել ցանկացած պահի, գրել է NYT-ը։ Ինչպես ընդգծել է Կոռնելի համալսարանի (ԱՄՆ) հետազոտական ծրագրի ղեկավար Ջեյմս Փատոն Ռոջերսը, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի խոշոր երկրների բազմաթիվ ռազմաբազաները հատկապես խոցելի են այդ տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի պատճառով։ Թերթը նաեւ նշել է, որ Կիեւի կողմից Ռուսաստանի քաղաքների օդանավակայանների վրա FPV-դրոններով զանգվածային գրոհը չի խանգարի Ռուսաստանի Դաշնությանը շարունակել հարձակողական գործողությունները։Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիեւի ռեժիմը հունիսի 1-ին ահաբեկչական հարձակում է իրականացրել FPV-դրոններով Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի մարզերի օդանավակայանների վրա։ Իվանովոյի, Ռյազանի եւ Ամուրի մարզերում հարձակումները հետ են մղվել: Ահաբեկչական հարձակումների հետեւանքով մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են, սակայն հրկիզումը չեզոքացվել է: Գերատեսչությունն ավելացրել է, որ զինծառայողների կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան, իսկ ահաբեկչության մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են: