ՆԱՏՕ-ն անվտանգության ոլորտում չորս համատեղ նա...

ՆԱՏՕ-ն անվտանգության ոլորտում չորս համատեղ նախագծեր կգործարկի Ավստրալիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Նոր Զելանդիայի հետ։ Այս մասին հաղորդում է Nikkei Asia պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ռազմարդյունաբերական համաժողովի ժամանակ նա նշել է, որ նախագծերը կկենտրոնանան Ուկրաինայի, արհեստական ​​բանականության, ապատեղեկատվությանը հակազդման և կիբեռանվտանգության վրա։

«Յուրաքանչյուր նախաձեռնություն տարբեր է, բայց հիմնական նպատակը նույնն է՝ օգտագործել բարձրարդյունավետ ժողովրդավարությունների եզակի ուժեղ կողմերը գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում» - ասել է Սալիվանը՝ հավելելով, որ Եվրոպայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են մեկը մյուսի վրա։ 

Nikkei Asia պարբերականը նշում է, որ այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկն է համախոհ ժողովրդավարությունների կարողությունների միավորումը՝ դիմակայելու «այն մարտահրավերներին, որ ստեղծում են Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան»:

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում: