![ՆԱՏՕ-ի քարտուղարն արեւմտյան երկրներին կոչ է ա...](/imgs/posts/medium/2023/03/6aa48c8.jpeg)
Արեւմուտքը պետք է պատրաստվի երկարատեւ հակամարտության Ուկրաինայում, քանի որ դրա կարգավորման հեռանկար առայժմ չի նկատվում։ Այսպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը The Guardian բրիտանական թերթի հարցազրույցում։
Նրա խոսքով՝ հակամարտությունն Ուկրաինայում կարելի է անվանել «հյուծման պատերազմ»։ Սթոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը «խաղաղություն չի նախատեսում»։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ Արեւմուտքի երկրները պետք է ավելացնեն արտադրական հզորություններն Ուկրաինա նոր զինամթերքներ եւ սպառազինություն ուղարկելու համար։ «Զինամթերքների ծախսի ընթացիկ նորմն ավելի բարձր է, քան արտադրության ընթացիկ արագությունը»,- ավելացրել է նա։
Սթոլտենբերգը, մարտադաշտում իրադարձությունների զարգացման համատեքստում, ասել է, որ ՆԱՏՕ-ի մատակարարած օգնությունն ուղղված է հակահարձակման իրականացմանն Ուկրաինայի կողմից։ Ընդ որում՝ նա հերթական անգամ նշել է, որ դաշինքը հակամարտության կողմ չէ, իսկ ռազմական որոշումները կայացնում է ուկրաինական հրամանատարությունը։ Խոսելով Ուկրաինա ամերիկյան F-16 կործանիչների մատակարարման մասին՝ գլխավոր քարտուղարն ասել է, որ «որոշում չի կայացվել»։
Բացի այդ, Սթոլտենբերգն ընդգծել է, որ արեւմտյան երկրները պետք է ավելի շատ միջոցներ հատկացնեն իրենց պաշտպանությանը։ «Հուլիսին Վիլնյուսի մեր գագաթաժողովում ես ակնկալում եմ, որ դաշնակիցները կհամաձայնեն ավելի հավակնոտ պաշտպանական ներդրումների (ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը) պարտավորություն վերցնել»,- նշել է նա։