ՆԱՏՕ-ի գրասենյակն անդրադարձել է TRIPP նախաձեռ...

Հարավային Կովկասը խոշոր տրանսպորտային կենտրոն դառնալու պոտենցիալ ունի։ Բայց այդ պոտենցիալի իրականացումը պահանջում է ժամանակակից ենթակառուցվածքի զարգացում եւ իսկական ինտերմոդալություն, ինչը կապահովի արդյունավետ բեռնափոխադրումներ տարբեր փուլերում, տարբեր երկրների միջով եւ տարբեր աշխարհագրական պայմաններում։ Այս մասին АPA-ին ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը եւ դրա հետագա զարգացումները, այդ թվում՝ տարածաշրջանային կապերի ցանցի ստեղծումը, որը հիմնականում միավորելու է Ադրբեջանը, Հայաստանը եւ Թուրքիան, եւ ավելի լայն առումով Կենտրոնական Ասիան կապելու է Եվրոպայի հետ, հստակ ցույց են տալիս այդ հնարավորությունները։

«Միեւնույն ժամանակ, անկախ այս նախաձեռնությունների անվանումից, կարեւոր է, որ դրանք իսկապես ծառայեն տարածաշրջանի երկրների շահերին։ Դրանք պետք է ստեղծեն պայմաններ տարածաշրջանային բոլոր դերակատարների տնտեսական եւ տարանցիկ ներուժի լիարժեք իրացման համար, ինչպես նաեւ նպաստեն խաղաղության եւ երկարաժամկետ կայունության կառուցմանը։

Այս սկզբունքները կազմում են TRIPP նախաձեռնության հիմքը եւ ունեն զգալի տնտեսական հնարավորություններ բացելու ներուժ՝ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի օգտին»,- նշել է Վիննիկովը։