ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինային աջակցու...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային՝ պարզաբանելով, որ դա համարում է ոչ թե բարեգործություն, այլ ներդրում Արևմուտքի երկրների անվտանգության մեջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

«Մենք պետք է աջակցենք Ուկրաինային, և ես վստահ եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն աջակցություն ցուցաբերել, քանի որ Ուկրաինային աջակցելը բարեգործություն չէ, դա ներդրում է մեր սեփական անվտանգության մեջ»,- ասել Է Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Դավոսի համաժողովում:

Նա հավելել է, որ չի պատրաստվում փորձել կանխատեսել, թե որ ուղղությամբ կզարգանա հակամարտությունը:

«Ես շատ զգույշ եմ կանխատեսումներում, թե ինչպես կարող են զարգանալ պատերազմները: Իրենց բնույթով պատերազմներն անկանխատեսելի են», - ասել է նա: