
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ծաղրել է Ռուսաստանին՝ Եվրոպայի ափերի մոտ հայտնաբերված անսարք սուզանավի համար։ Սլովենիայում ելույթ ունենալով՝ նա հայտարարել է, որ Միջերկրական ծովում Մոսկվայի ռազմածովային ներկայությունը զրոյի է հավասարվել, մնացել է միայն մեկ «խափանված» սուզանավ, հաղորդում է Euronews-ը։
«Հիմա, ըստ էության, Միջերկրական ծովում գրեթե չի մնացել ռուսական ռազմածովային ներկայություն։ Միայն միայնակ ու խափանված ռուսական սուզանավ է պարեկությունից հետո կաղալով տուն վերադառնում։ Որքանով է դա տարբերվում Թոմ Քլենսիի 1984 թվականի «Որս Կարմիր Հոկտեմբերի հետևից» վեպից։ Այսօր դա ավելի շատ նման է մոտակա մեխանիկի որոնմանը», - նշել է Ռյուտեն։
Սուզանավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին՝ Ֆրանսիայի Բրետան շրջանի ափերի մոտ։ Ինչպես հայտնել են ՆԱՏՕ-ի Ծովային հրամանատարությունից, «Նովոռոսիյսկ» սուզանավը, որն ունակ է տեղափոխել թևավոր հրթիռներ և միջուկային զենք, բարձրացել է մակերես, որից հետո հայտնվել է դաշինքի ռազմածովային ուժերի հսկողության տակ։
NL Times-ի տվյալներով՝ սուզանավի մակերես բարձրանալը կարող էր պայմանավորված լինել Միջերկրական ծովում պարեկության ժամանակ տեղի ունեցած վառելիքի արտահոսքով։ «Նովոռոսիյսկը» չի կարողացել մուտք գործել Սև ծովի կամ Սիրիայի նավահանգիստներ և փոխարենը ուղղություն է վերցրել դեպի Հյուսիսային կամ Բալթիկ ծովերի վերանորոգման բազա։
Վկայակոչելով աղբյուրին՝ ՎՉԿ-ՕԳՊՈւ լրատվական գործակալությունը պնդում է, որ նավի վրա անսարքությունը սկսվել է սեպտեմբերի վերջին։ Վառելիքի համակարգի վնասման պատճառով դիզելային վառելիքը արտահոսել է նավամատույց և անձնակազմը չի կարողացել ինքնուրույն շտկել խնդիրը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի սպառնալիքի պատճառով սուզանավը ստիպված է եղել դուրս գալ մակերես և սկսել վառելիքը ուղղակիորեն ծովը լցնել։
Ռուսաստանի Սևծովյան նավատորմում մերժել են անսարքության և արտակարգ կերպով մակերես բարձրանալու վարկածները։ Նավատորմի մամուլի ծառայությունում հայտարարել են, որ անձնակազմն իրականացնում է «նախատեսված միջնավատորմային անցում» Միջերկրական ծովում առաջադրանքները կատարելուց հետո, իսկ Լա Մանշի նեղուցային գոտիով անցումը կատարվում է վերջրյա դիրքով՝ միջազգային կանոններին համապատասխան։
«Նովոռոսիյսկը» 636.3 նախագծի դիզելային-էլեկտրական սուզանավ է, որը զինված է «Կալիբր» հեռահար թևավոր հրթիռներով: Սուզանավը ջուրն է իջեցվել 2010 և 2013 թվականներին, իսկ 2014 թվականից Ռուսաստանի Սևծովյան նավատորմի մաս է կազմում: