ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինան «անվճար տոմս...

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինան «անվճար տոմս» չի ստանա դեպի Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին։

«Մենք կպնդենք, որ տեքստի համապատասխան պարբերությունը հղում պարունակի ՆԱՏՕ-ին միանալու մասին: Եթե դրա պայմանները կատարվեն, և դաշինքի երկրները նման որոշում կայացնեն, այս փաստաթուղթը չի կարող ծառայել որպես «անվճար տոմս» դեպի ՆԱՏՕ։ Յուրաքանչյուր երկիր, որն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը և դիմել ցանկացած կազմակերպությանն անդամակցելու, պետք է հասկանա, որ ընդունելու որոշումը կախված է լինելու կազմակերպության ներկայիս անդամներից»,- ընդգծել է Սլովակիայի նախագահը։

Վաշինգտոնում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այս տարի կազմակերպությունը նշում է Հյուսիսատլանտյան պայմանագրի ստորագրման 75-ամյակը։ Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում դաշինքը կստորագրի Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնման առաջին փաստաթուղթը։

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել էր, որ Ուկրաինայի հնարավոր մուտքը ՆԱՏՕ «շատ աշխատանք» կպահանջի, և դաշինքում այս հարցում կոնսենսուսի ձևավորման համար կարող է ժամանակ պահանջվել։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ազդանշաններ տալ Կիևին, որ կա «ուղի դեպի ՆԱՏՕ»։

2021 թվականի հունիսին Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները եզրափակիչ կոմյունիկեի մեջ նշել էին, որ Ուկրաինան և Վրաստանը կարող են ապագայում դաշինքի անդամ դառնալ։ Ռուսաստանը կտրականապես դեմ է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը։