ՆԱՍԱ-ն հայտնել է Crew-12 առաքելությունը Միջազ...

ՆԱՍԱ-ն նախատեսում է Crew-12 առաքելությունը SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի միջոցով դեպի Միջազգային տիեզերակայան ուղարկել փետրվարի 11-ին։ Այս մասին հայտնել են ՆԱՍԱ-ից։

Crew-12 առաքելության կազմում են ամերիկացի աստրոնավտներ Ջեսիկա Մեյրը և Ջեք Հեթուեյը, ռուս տիեզերագնաց Անդրեյ Ֆեդյաևը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) տիեզերագնաց Սոֆի Ադենոն։

Հունվարի 15-ին ՆԱՍԱ-ն պատմության մեջ առաջին անգամ բժշկական տարհանում իրականացրեց Միջազգային տիեզերակայանից։ Առաքելության անդամներից մեկի վատացած առողջական վիճակի պատճառով աստրոնավտները ստիպված եղան նախատեսվածից մեկ ամիս շուտ վերադառնալ Երկիր։ ՆԱՍԱ-ն, անձնական տվյալների գաղտնիության սկզբունքից ելնելով, չի հայտնել, թե որ աստրոնավտի մոտ ու ինչ առողջական խնդիր է գրանցվել։

Նրանց վերադարձից հետո Միջազգային տիեզերակայանում մնացել են ՆԱՍԱ-ի աստրոնավտ Քրիստոֆեր Ուիլյամսը և «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնացներ Սերգեյ Կուդ-Սվերչկովը և Սերգեյ Միկաևը։