Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իսրայել։ Նրան Բեն Գուրիոն օդանավակայանում դիմավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։
Նախատեսվում է, որ Նեթանյահուն և Մոդին մասնավոր հանդիպում կանցկացնեն օդանավակայանում, որից հետո կմեկնեն Երուսաղեմ։
Այցի առնչությամբ Մոդին X հարթակում գրառման մեջ բարձր է գնահատել Իսրայելի հետ ամուր և բազմակողմանի ռազմավարական գործընկերությունը։
«Այսօր և վաղը ես պետական այցով կլինեմ Իսրայելում։ Մեր երկրները կիսում են ամուր և բազմակողմանի ռազմավարական գործընկերություն։ Վերջին մի քանի տարվա ընթացքում կապերը զգալիորեն ամրապնդվել են։ Ես բանակցություններ կվարեմ վարչապետ Նեթանյահուի հետ, որի ընթացքում կքննարկենք տարբեր ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղիները։ Ես նաև կհանդիպեմ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ», - նշել է նա գրառման մեջ։
Մոդին նաև նշել է, որ ելույթով հանդես կգա Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում։
«Սա հարգանքի տուրք է՝ ուղղված մեզ կապող խորհրդարանական և ժողովրդավարական ամուր կապերին։ Ես նաև կշփվեմ հնդկական սփյուռքի հետ, որը մեծ ներդրում է ունեցել Հնդկաստան-Իսրայել բարեկամության ամրապնդման գործում», - նշել է նա։



