Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևան...

Ավտոցիստեռնի՝ Ողջի գետում հայտնվելու պատճառով մազութի արտահոսքից Ողջի գետը չի աղտոտվել: Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ընդգծելով, որ իրականացվում է արտահոսած մազութի մաքրման աշխատանք, որի ավարտից հետո կկատարվի կրկնակի նմուշառում:

«Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։

Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ»,- նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հուլիսի 16-ի երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի  պատճառով բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել էին ջրի և հողի նմուշառումներ։