Նախկինում կհիշե՞ք, որ դատական իշխանությանը գո...

Խորհրդարանը 2-3 օր կորցրեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գործի վրա, պատկերացրեք ինչ ռեսուրս է պետությունը ծախսում հանրության ուշադրությունը զբաղեցնում մի թեմայի վրա, եւ վերջում  վճռաբեկ դատարանի որեւէ դատավոր չի ընտրվում, ուղղակի բոյկոտի պատճառով: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե նույնիսկ խնդիր կա ԲԴԽ նախագահի հետ կապված, դրանից հետո չընտրել մասնագետ դատավորների թեկնածուներին, որոնք ընդհանրապես այդ խնդրի հետ կապ չունեին, ուղղակի աբսուրդ է:

Իրենք բոլորը գիտեն, որ Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել,  բայց հիմա դուրս է գալիս, որ իրենք (նկատի ունի «Իմ քայլին»-խմբ) ժամանակին ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երեւի մտածում էին, որ այդ մարդը պետք է իրենց հրահանգները կատարի եւ բողոքի  ձայն էին հնչեցնում, որ այդ հրահանգները ոնց որ չեն կատարվում: Դրա համար ենք ասում, որ այստեղ անազնիվ մոտեցում կա. մենք ուզում ենք ունենալ անկախ դատական իշխանությո՞ւն, թե՞ կամակատար դատական իշխանություն, որից իշխանությունը գոհ կլինի»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ ամբողջ աշխարհում կա մի հետաքրքիր ինդիկատոր. «Եթե գործադիր իշխանությունը կամ քաղաքական մեծամասնությունը քննադատում է դատական իշխանությանը, ուրեմն դատական իշխանությունը լավ է աշխատել: Իրենք իրենց պահվածքով ուղերձ տվեցին միջազգային կառույցներին, որ այս դատական իշխանությունը լավ է աշխատում:

Օրինակ, նախկինում կհիշե՞ք, որ դատական իշխանությանը գործադիր իշխանությունը քննադատեր: Ոչ, որովհետեւ իրենց ինչ պետք էր, այդպես էլ արվում էր: Հիմա եթե հակառակն է, ուրեմն լավ է: Կարո՞ղ է սա է իրական պրոցեսը, որ դատական իշխանությունը իրապես անկախ դառնա»: