«Փաստինֆո»-ն գրում է.
Հայաստան տեղափոխված մեր տղաների դիակներին սպասողներից մեկն էլ ես եմ հիմա։ Երեք օր Կոռնիձորում սպասում էի տղաների դիակներին, որպեսզի տանեմ Եղբայրականում՝ հուղարկավորելու։ Միայն մեր գյուղից՝ Չարեքթարից 17 էրեխու դիակ են բերել, չգիտեմ էլ ինչ ասեմ…,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է արցախյան գոյամարտերի մասնակից, ազատամարտիկ չարեքթարցի Աշոտ Սևյանը։
Անդրադառնալով Երևանում տեղի ունեցող զարգացումներին, ազատամարտիկն անխտիր բոլորին կոչ է անում սթափվել, որովհետև Արցախում տեղի ունեցող ցեղասպանական գործողություններն ու բռնի տեղահանությունն այդքանով չի ավարտվելու. «Սթափվեք, միացեք իրար, մի կարգին փրկության կոմիտե ստեղծեք, (խոսքս օրեր առաջ ստեղծված կոմիտեի մասին չէ), որպեսզի կարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին ու մեզ առաջիկա ապագայում սպասվող արհավիրքին, որովհետև Նախիջևանի սահմանին բերված զորքը ոչ միայն հետ չի քաշվել, այլ օրեցօր ավելի է խտանում։ Հայաստանի սահմանների լարվածությունը ոչ միայն չի թուլանում, այլ ավելի է լարվում։ Մենք այլևս իրավունք չունենք պատրանքներով ապրելու կամ պառակտվելու, որովհետև մեզ սարսափելի օրեր են սպասվում»,- ասում է Սևյանը։
Մեր գլխին եկածը քիչ էր, հիմա էլ՝ ղարաբաղցի – հայաստանցի ատելություն են սերմանում, սենց բան կինի՞,- ասում է ազատամարտիկն ու հավելում՝ ընդամենը 5 տարվա ընթացքում մեր երկիրը դժոխքի վերածեցին.«Մարդկանց մեծ մասն իրեն հրամանատար է տեսնում, արդյունքում՝ զինվոր չկա, դրա համար էլ՝ էս օրին ենք։ Անձամբ ինձ երբեք ոչ մի պաշտոն պետք չի եղել, ես միշտ ազատ եմ ապրել՝ իմ տունը, իմ ընտանիքը, իմ Հայրենիքը։ Աստծու սիրուն՝ եկեք փրկենք մեր երկիրը, ձեր պաշտոնները հետո կբաժանեք ձեր մեջ, հիմա պետքա երկիր փրկենք։ Պետքա երկիր ունենանք, որ էդ երկրում պաշտոն ունեցող լինի, հասկանո՞ւմ եք՝ առանց երկրի՝ դուք ոչ մի բան եք։ Սթափվեք մարդիկ, բոլորը հիմա մեկ մարդու պես զինվոր պետք է լինեին, ոչ թե պաշտոնի և հրամանատարության կռիվ տային։ Վերջ տվեք էս ատելությանը՝ հայաստանցի – ղարաբաղցի, սև - սպիտակ։ Թուրքը որ եկավ մտավ ձեր տները, չի նայելու՝ դու սև՞ ես, թե՞ սպիտակ, հայաստանցի՞ ես, թե՞ ղարաբաղցի։ Բոլորիս կոտորելու են, նայեք՝ ինչա կատարվում Արցախում, ախր, բացեք ձեր աչքերն ու նայեք մի հատ…»,- ամփոփելով զրույցը դառնացած ասում է արցախյան գոյամարտերի բովով անցած ազատամարտիկը։



