Նախատեսվել է 1 մլրդ դրամ Երևանում Եվրոպական ք...

Հայաստանի վարչապետի աշխատակազմի բյուջեով հաջորդ տարի նախատեսվել է 1 մլրդ դրամ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման համար: 

Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան»,-ասաց Հարությունյանը:

Նա հիշեցրեց՝ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր:

«Նախատեսում ենք այս միջոցառումն իրականացնել մայիսի սկզբին: Աշխատակազմի բյուջեով նախատեսված է 1 մլրդ դրամ: Հիմա մրցույթ է հայտարարված: Նաև պահուստային ֆոնդում նախատեսված գումարներ կան, ըստ մրցույթի՝ կնախատեսենք ավել գումարներ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց Հարությունյանը:

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում, 2026 թվականի մայիսի 4-ին։ Գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներով  զբաղվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմը։