Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահի դրությամբ ունենք 4 վիրավոր: Նրանցից 2-ի վիճակը միջին ծանրության է, 2-ինը՝ բավարար: Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,-ասաց Ավանեսյանը:
Զինծառայողները ստացել են տարբեր տիպի վիրավորումներ: Նրանք Երևանում չեն, եթե կարիք զգացվի, կտեղափոխեն:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շտապօգնության մեքենայի թիրախավորմանը՝ նախարարն ասաց, որ նման ագրեսիան որևէ կերպ չի կարելի արդարացնել: «Շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտներ և նրանց թիրախավորելը որևէ կերպ ընդունելի չէ»,-ասաց Ավանեսյանը:
Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանը հայտնել է մեկ զինծառայողի կորստի մասին։



