Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Գուլյանն ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև Ենգիբարյանը և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
խոշտանգումներն արգելող 3-րդ հոդվածի (թե՛ դատավարական, թե՛ նյութական բաղադրիչների մասով) խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են ոստիկանական բաժանմունքներում դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերին և նշված դեպքերի ոչ պատշաճ արձանագրմանը և հետագա քննությանը:
Նախարարների կոմիտեն 2024 թվականի դեկտեմբերի 3-ի բանաձևով արձանագրել է կարևոր առաջընթաց, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության՝ ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի և անարդյունավետ քննությունների դեմ պայքարի ոլորտում ձեռնարկված մի շարք միջոցառումների արդյունքում։
Մասնավորապես, Նախարարների կոմիտեն դրական է գնահատել հետևյալ միջոցառումների իրականացումը.
- նոր Քրեական օրենսգրքի և նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, որոնցով արգելվեց ներում, համաներում և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտների կիրառումը խոշտանգում կատարած անձանց նկատմամբ.
- վատ վերաբերմունքի դեմ երաշխիքների ուժեղացումը.
- քննչական գործողությունների ընթացքում տեսաձայնագրում իրականացնելը և ոստիկանության բաժինների մուտքի և ելքի կետերում տեսահսկում իրականացնելու պարտավորությունը
- վատ վերաբերմունքի հիմքում ընկած քաղաքական այլ հայացքների դրդապատճառը քննելու համար ձեռնարկված օրենսդրական և գործնական միջոցները.
- քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի արձանագրման ձևերի ընդունումը.
- այլ միջոցառումները՝ ուղղված ոստիկանության ոլորտի բարեփոխմանը ոստիկանության ծառայողների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև նրանց մասնագիտական կրթության վերանայմանը, ինչպես նաև.
- ոստիկանության համապարփակ բարեփոխումները, քննչական մարմինների կարողությունների շարունակական զարգացումը և ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման և անանուն հաղորդում ներկայացնելու համակարգի ընդլայնումը:
Վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերի, ինչպես նաև նշված դեպքերի ոչ պատշաճ արձանագրման և քննության հետ կապված բարեփոխումները շարունակելու են լինել Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերի կատարողական-վերահսկողական վարույթի շրջանակում։



