
Որպես ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը: Այս մասին Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով, որին կից հրապարակել է տեսանյութ:
«Իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մարա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։
Հաճելի զրույց ունեցա նաեւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, ով նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ մարդասիրական ծրագրեր։
Ջորջ Սորիալը տարբեր տարիներին զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Trump Tower»-ում եւ «Trump Organization»-ում, իսկ Քիթ Շիլլերը երկար տարիներ եղել է Դոնալդ Թրամփի անձնական օգնականը եւ անվտանգության ծառայության պատասխանատուն։ 2017 թվականին նա նաեւ զբաղեցրել է Սպիտակ տան Օվալաձեւ գրասենյակի գործառնական տնօրենի պաշտոնը։
Յեհուդա Կապլունը 2024 թվականին նոմինացվել էր Նոբելյան խաղաղության մրցանակի»,- գրել է Նարեկ Մկրտչյանը: