«Վարչապետն իրավունք չուներ չներկայացնելու նախարարի թեկնածուներ, չկա ոչ մի օրենքում այսպիսի իրավասություն: Երկրի վարչապետը, որպես բարձագույն պաշտոնատար անձ, ենթակա է Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարմանը», - այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Եթե Սահմանադրությունը այսօրվա կառավարության համար գերիշխող մոտեցում է, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպես է ստացվել, որ այսօր առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրված Սահմանադրության կոպիտ խախտում»։
Մինասյանի խոսքով այս ամենը վերաբերում է նաև ՀՀ նախագահին. «Նախագահը չի կարող ու իրավունք չունի անգործություն դրսևորել, հակառակ դեպքում, սա հիմք է՝ Սահմանադրությունը խախտելու դեպքում նրան պաշտոնանկ անելու համար», - ասաց ՀՅԴ-ական նախկին նախարարը։



