«Ինձ համար անհասկանալի էր կոչի բովանդակությունը»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչին:
«Փաստն այն է, որ երեկ եղել է հրահանգ սեփական քաղաքական ուժի անդամներին, այդ թվում՝ պաշտոնյաներին, կազմակերպել անկախ դատական իշխանության արգելափակումը, և այսօր շատ դատարաններում՝ առանձին բացառություններով, դրանք հաջողությամբ իրականացվել են, ոստիկանությունն էլ որևէ միջոց չի ձեռնարկել՝ ապահովելու համար դատավորների մուտքը դատարաններ: Սա ունի շատ կոնկրետ քրեաիրավական որակում, և այդ որակումը տրվելու է նաև պաշտոնապես»,-նշեց Մելիքյանը:
Իրավաբանը հնարավոր հետևանքների բասին այս պահին չխոսեց.«Բայց կարող եմ ասել, որ գործ ունենք անպատասխանատու պետական կառավարման հետ»:
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ դատական համակարգն իրոք բազմաթիվ խնդիրներ, և այդ խնդիրները դանդաղ, բայց հաստատուն տեմպերով լուծվում էին մինչև 2018 թվականը.«Մարդկությունը չի ստեղծել այլ արդյունավետ տարբերակ՝ դատական համակարգի խնդիրները լուծելու: Կարևոր է նաև այն, որ վարչապետի կոչը հաջորդեց իշխանության համար ոչ ցանկալի դատարանի որոշմանը: Սա շատ կարևոր հանգամանք է պատճառահետևանքային կապը բացահայտելու համար»:
Երեկ ՀՀ վարչապետ ֆեյսբուքյան գրառմամբ կոչ էր արել բոլորին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Դրան հաջորդեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կոչը, որում, մասնավորապես, ասված էր.«Կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները»։
Մարիամ Սարգսյան



