ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին, կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած:
Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների։



