Հայաստանի կառավարությունը պլանավորում է այսուհետ տարեկան մինչև 2 կամ ավելի համաշխարհային աստղերի հրավիրել Հայաստան։
Lրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք պլանավորում ենք տարեկան մինչև 2 կամ նույնիսկ ավելի համաշխարհային աստղերի հրավիրել Հայաստան, որը զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է։ Օրինակ, մեր հարևան Վրաստանը նման միջոցառումներով շատ լավ զարգացրել է իր զբոսաշրջության ոլորտը։ Բայց դա չպետք է լինի, օրինակ, 5 տարին մեկ անգամ, երկիրը պետք է այդ քարտեզի վրա լինի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ զբոսաշրջիկները սովորաբար հետևում են իրենց սիրելի աստղերին և եթե չեն հասցրել ներկա լինել պայմանական նրա Աթենքի համերգին, կկարողանան ներկա լինել. օրինակ, ավելի ուշ կայանալիք երևանյան համերգին։
Գևորգ Պապոյանը նաև հայտնել է, որ արդեն առաջիկայում նախատեսվում է համաշխարհային աստղի այց Հայաստան, սակայն հրաժարվել է անուն նշելուց։



