Կառավարության այսօրվա նիստին որոշվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, թե միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս թեմայով տասնյակ քննարկումներ են ունեցել։
«Ուղղակի մի տեղում գումար ավելացնելը ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի, կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է, համակարգի կողմից կարող է մարսվել ու այդ գումարը կլինի նպատակային ու մենք համոզված կլինենք, որ, իրոք, ծառայում է գիտության զարգացմանը։ Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է», - ասաց Փաշինյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց՝ առաջիկայում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար էականորեն փոփոխվելու են աշխատավարձերի դրույթները։
«Մենք, միանշանակ, կարողանալու ենք աշխատավարձերի բարձրացմամբ գրավչությունը բարձրացնել», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ նախնական հաշվարկով՝ մոտ 1500 ուսուցիչ 30-ից 50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա:



