Հայաստանում հիմա, կարելի է ասել, բավական հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Մի կողմից իշխանությունը գլխովին տարված է արտահերթ ընտրությունների թեմայով։ Մյուս կողմից, ընդդիմությունը, թեեւ պահանջում է Փաշինյանի հրաժարականը, սակայն կոնկրետ գործանական քայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում եւ պատահական չէ, որ մամուլում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ ընդդիմությունը սկսել է հարմարվել Փաշինյանի ներկայության հետ եւ բացի այդ էլ՝ Մոսկվայում միանշանակ չեն մոտեցումները Փաշինյանի քաղաքական ապագայի եւ հատկապես՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնում մնալու կամ այդ պաշտոնից հեռանալու հետ կապված եւ եթե ռուսական էլիտաների ուժային հատվածում աներկբա է այն մոտեցումը, որ Փաշինյանը պետք է հեռանա անհապաղ, ապա քաղաքական-դիվանագիտական հատվածում դեռեւս չեն շտապում նման կտրուկությամբ հարցը դնել։
Հայաստանում իհարկե ամեն բան ներկայացվում է այն լույսի ներքո, որ գործող իշխանությունն անում է ամեն բան՝ ժամանակ ձգելու համար։ Եվ այսպես, որ մոտեցումն է ավելի արժանահավատ, այն, որ իրոք ընդդիմությունը սկսել է հարմարվել Փաշինյանի ներկայությանը, թե այն, որ Մոսկվայում այսպես ասած՝ Փաշինյանի ճակատագիրը դեռեւս որոշված չէ։ Իրականում մեկը մյուսի հետեւանքն է։ Բանն այն է, որ կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանի թիվ մեկ սկզբունքը որեւէ սկզբունքի բացակայությունն է եւ նա ընդունակ է ամեն ինչ եւ բոլորին զոհել հանուն աթոռի։ Այս համատեքստում, նա ռուսական էլիտայի որոշ շրջանակների համար կարող է համարվել կամակատարի իդեալական դերակատար, իսկ Հայաստանի ղեկավարի պաշտոնում հիմա հենց այդպիսինն է, որ պետք է լինի, ռուսական ռեգիոնալ ամբիցիաները իրականացնելու համար «ասպանդակ պահողի» դերը կատարելու համար։
Սա նկատի ունենալով, հետեւաբար, Մոսկվայում առանձնապետ հետաքրքրված չեն Փաշինյանի շուտափույթ հեռանալով, քանի որ ամեն հաջորդ քայլով կարող են պոկել ավելին։ Հայաստանի ընդդիմությունը պետք է հասկանա, որ ոչ ոք իր փոխարեն չի լուծելու հարցեր։ Մյուս կողմից, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ այժմ հատկապես ակտիվ է Հայաստանի ընդդիմության ռուսամետ հատվածը եւ չափազանց ընկալունակ ու զգայուն է Մոսկվայից եկած ազդակներին։ Ու եթե իրոք Մոսկվայում որպես կամակատար Փաշինյանը դեռեւս պետք է, ապա բնական է, որ ընդդիմությանը պետք է գան ազդակներ Մոսկվայից Երեւան, այժմյան դանդաղկոտությամբ գործելու մասով։ Շրջանը փակվում է այսպիսով, եւ ամեն բան ընկնում է իր տեղը։



