Մոսկվայի օդանավակայաններում տասնյակ չվերթներ...

Մոսկվայի օդանավակայաններում, որտեղ անօդաչու սարքերի հարձակման պատճառով նորից ուշանում են տասնյակ չվերթներ, իրավիճակը «մի քիչ ավելի լավ է, քան մայիսին», ասել է նոր տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, ով նշանակվել է նրա նախորդի՝ Ռոման Ստարովոյտի մահից հետո։

Նիկիտինի խոսքերով՝ անհնար է կանխատեսել, թե երբ է կիրառվելու «Կովյոր» ծրագիրը, որը նախատեսում է փակել երկինքը, սակայն «օդանավակայանները հարմարվում են՝ կարգավորում են սննդի և հանգստի հետ կապված աշխատանքները»։

«Գործընկերները վերլուծում են իրենց աշխատանքը։ Եվ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կա դինամիկա։ Բայց ընդհանուր առմամբ ո՛չ օդանավակայանները, ո՛չ ավիաընկերությունները չեն կարող կանխատեսել դա [«Կովյոր» պլանի ներդրումը]։ Մենք, իհարկե, կաշխատենք ՊՆ-ի գործընկերների հետ, կփորձենք ինչ-որ բան անել։ Բայց անվտանգությունն այստեղ առաջին տեղում է։ Հասկանալի են անհարմարությունները, հասկանալի է անհանգստությունը, բայց ուղևորների անվտանգությամբ ոչ ոք չի ռիսկի դիմի»,- ասել է Նիկիտինը՝ հաղորդում է Ինտերֆաքսը։

Նախօրդ օրը երեկոյան սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում (Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո, Ժուկովսկի), ինչպես նաև Նիժնի Նովգորոդի օդանավակայանում։ Շերեմետևոյում տասնյակ չվերթներ են հետաձգվել։

Ռոսավիացիան հայտնել է, որ Շերեմետևո օդանավակայանում ժամանակավորապես փոխվել է ինքնաթիռների վայրէջքի և թռիչքի կարգը. դրանք իրականացվում են «համապատասխան մարմինների հետ համաձայնեցմամբ»։

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանվել են միայն առավոտյան, սակայն հետաձգումներ եղել են նաև այլ մարզերում։ Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությունից հայտնել են, որ Վլադիվոստոկի, Խաբարովսկի, Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Սախալինի օդանավակայաններում հետաձգվել են դեպի Մոսկվա ինը չվերթներ, մեկնմանն են սպասում ավելի քան 2,7 հազար ուղևոր։