Մոսկվայի մետրոպոլիտենը նշել է իր ստեղծման 90-...

Մայիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենը նշել է իր ստեղծման 90-ամյակը, որը կարևոր իրադարձություն է աշխարհի ամենամեծ տրանսպորտային համակարգերից մեկի պատմության մեջ: 1935 թվականին առաջին գծի գործարկումից ի վեր՝ Մոսկվայի մետրոն դարձել է քաղաքի բնակիչների կյանքի անբաժանելի մասը և երկրի տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշը: Այսօր այն բարդ տրանսպորտային ցանց է՝ ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ գծերով, 302 կայարաններով և աշխատանքային օրերին ավելի քան 8 միլիոն ուղևորություններով:

«1935 թվականին մետրոյի բացումը պատմական իրադարձություն էր մեր մայրաքաղաքի և ամբողջ երկրի համար։ Նույնիսկ այն ժամանակ` տասնամյակներ առաջ, աշխատողներն ու շինարարները սահմանում էին ուղևորների սպասարկման ամենաբարձր չափանիշը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի առաջադրանքի համաձայն՝ մենք այսօր էլ շարունակում ենք պահպանել այս նշաձողը։ Այսօր Մոսկվայի մետրոյում աշխատում է ավելի քան 65 հազար աշխատակից։ Նրանք ոչ միայն ամեն օր օգնում են սպասարկել միլիոնավոր ուղևորների, այլև ձգտում են այնպես անել, որ մոսկվացիները ավելի շատ վստահեն մայրաքաղաքի մետրոյին, որպեսզի յուրաքանչյուր ուղևորությունից հետո միայն դրական հույզեր ունենան։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին բարեխիղճ աշխատանքի համար և մաղթում եմ նրանց նոր հաջողություններ։ Շնորհավոր Մոսկվայի մետրոյի 90-ամյակը», - նշել է Մոսկվայի տրանսպորտի և արդյունաբերության գծով քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիքսուտովը։

Մոսկվայի մետրոյի առաջին գիծը ձգվում էր «Սոկոլնիկի» կայարանից մինչև «Պարկ Կուլտուրի»՝ «Սմոլենսկայա» ճյուղավորմամբ և ներառում էր ընդամենը 11,5 կիլոմետր երկարությամբ երկաթուղի և 13 կայարան։ Այսօր այն աշխարհի ամենաընդարձակ ստորգետնյա տրանսպորտային ցանցերից մեկն է։ Անցյալ տարի մետրոն ընդունել է 2.7 միլիարդ ուղևոր, իսկ գծերում նոր գնացքների մասնաբաժինը հասել է 77%-ի․ սա Եվրոպայի և Ամերիկայի լավագույն ցուցանիշներից մեկն է։

90 տարվա ընթացքում Մոսկվայի մետրոն դարձել է տրանսպորտային տեխնոլոգիաների ոլորտի իսկական առաջատար։ Առաջին A տիպի վագոններից մինչև «Մոսկվա-2024» շարքի ժամանակակից գնացքներ․ մետրոյի զարգացման յուրաքանչյուր նոր փուլ արտացոլում է ինժեներական գերազանցությունը և ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունը բարելավելու ձգտումը։ Ժամանակակից գնացքները հագեցած են բարելավված էրգոնոմիկայով, անցուղիներով և ավտոմատ արագության կառավարման համակարգերով, որոնք ապահովում են շարժման նվազագույն ընդմիջումներ՝ ընդամենը 90 վայրկյան գագաթնաժամերին։

Հոբելյանի առթիվ Մոսկվայում անցկացվել են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ են տվել մոսկվացիներին և մայրաքաղաքի հյուրերին ընկղմվել մետրոյի գործունեության առաջին տարիների մթնոլորտ։ Դրանց թվում էին մետրոյի շահագործման առաջին օրվա վերակառուցումը «Սոկոլնիկի» կայարանում, պատմական ռետրո A տիպի գնացքի  գործարկումը, գնացքների շքերթը «Շրջանաձև գծում» և ռետրո վագոնների և հատուկ սարքավորումների ցուցադրությունները, որոնք ընդգծում են Մոսկվայի մետրոյի եզակի պատմությունը։