Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն ծրագիրը բաղ...

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն հաստատման ծրագիրը, որն Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են, պարունակում է 20 կետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ըստ նրա՝ 20-կետանոց փաստաթղթով նախատեսվում է Ուկրաինայի ինքնիշխանության ճանաչում, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին պայմանագրի կնքում, երկրի վերականգնման ապահովում, գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նախագծով Ուկրաինական բանակի թվաքանակը խաղաղ ժամանակ կկազմի 800 հազար։

Մեկ այլ կետով ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ: Եթե Ռուսաստանը նորից ներխուժի Ուկրաինա, կլինի ռազմական պատասխան և պատժամիջոցների վերականգնում:

Ըստ Զելենսկու՝ տարաձայնությունները պահպանվում են տարածքների հարցով: Ուկրաինան պահանջում է, որ Ռուսաստանը դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի շրջաններից։ Իսկ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում ռուսական ուժերը կմնան այնտեղ, որտեղ կանգնած են: Պաշտոնական Մոսկվան իր հերթին պահանջում է ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնեցկի մարզից: ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջում՝ ազատ տնտեսական գոտու տեսքով: 

Խնդրահարույց է նաև Զապորոժիեի ԱԷԿ-ի ճակատագիրը: ԱՄՆ-ն առաջարկել է, որ այն համատեղ կառավարվի Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի  կողմից: Կիևը սակայն պահանջում է, որ ԱԷԿ-ը կառավարեն միայն ԱՄՆ-ն և Ուկրաինան՝ հավասարության սկզբունքով։

Խաղաղության ծրագրով Ուկրաինան և Ռուսաստանը պարտավորվում են իրականացնել կրթական ծրագրեր՝ ուղղված հանդուրժողականության, միջմշակութային փոխըմբռնման զարգացմանը, ինչպես նաև ռասիզմի և նախապաշարմունքների վերացմանը։ Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի առևտրային նպատակներով օգտագործումը: Համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի:

Համաձայնագրի իրականացումը կհսկի և կերաշխավորի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը։