«Թրամփի ուղի»․ Մոսկվան պատրաստ է խորհրդակցութ...

Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի և դրանում Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։   

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ 

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»,-ասել է նա։ 

Կալուգինը նաև կարծիք է հայտնել, որ այդ նախագծում Ռուսաստանի մասնակցության համար կան բավարար հիմքեր։  

«Մեր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ձեռնարկությունն է, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանն օգտագործում է ռուսական երկաթուղային գծերը», - նշել է Կալուգինը։  

Նա նշել է, որ «Թրամփի ուղի»-ն մեծ մասամբ անցնելու է ռուսական սահմանապահների պատասխանատվության տարածքով։ 

«Մենք պետք է հաշվի առնենք նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի», - ասել է ռուս դիվանագետը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։ 

«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,-ասել էր վարչապետը։